Tag: քրիզանթեմ

  • Ինչ բույսեր կարելի է պահել ցուրտ սենյակում

    Իլենիները (Spindle, Бересклет) կարելի է պահել -5…+5°C  ջերմաստիճանում: Իլենու Euonymus fortunei «Coloratus» կամ Euonymus fortunei ‘Emerald ‘n’ Gold’ տեսակները  կարող են դիմանալ մինչև -35°C ցրտահարությանը:

    Բաղեղները (Ivy, Плющ) կարող են դիմանալ մինչև -10°C ցրտահարությանը:

    Կամելիան (Camellia, Камелия) կարող է դիմանալ զրոյից նվազ մինչև -5°C ցրտին, իսկ ամենից հարմարավետ պայմաններն են՝ 0°…+15°C:

    Կակտուսները շատ դիմացկուն են ու հարմարվող: Հայտնի է, որ հանգիստ դիմանում են երաշտին, բայց նաև տեսակների մեծամասնությունը հարմարավետ են իրենց զգում +5°C-ի դեպքում:

    Ցիտրուսայինները կարող են ձմեռն անցկացնել նվազագույնը +7°C օդի ջերմություն ունեցող վայրում:

    Դափնին (laurus, лавр), ինչպես նաև Խորդենին (герань), Ֆուքսիան, Գորտենզիան, Քրիզանթեմը և Շիմշատը (самшит)  կհանդուրժեն +5…+6°C:

    Գաճաճ փշատերևները՝ Արաուկարիան, Դրախտանոճին (туя), Նոճին (кипарис), Կրիպտոմերիան կարելի է ձմռանը պահել +6…+10°C օդի ջերմություն ունեցող վայրում: Կարող են դիմանալ մինչև -5°C կարճատև ցրտահարություններին:

    Հավամրգին (Heather, Вереск) չի կորցնում իր գեղեցիկ տեսքը նույնիսկ ամբողջովին սառչելուց հետո: Ցրտադիմացկուն է, իրեն շատ լավ է զգում սկսած +5°C-ից:

  • Խմորիչ

    Խմորիչի կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոտարրերով:
    Խմորիչով պատրաստված պարարտանյութերը արդյունավետ սնուցում են հանդիսանում բույսերի մեծամասնության համար և նկատելիորեն բարելավում են դրանց աճը: Կարելի է նշել բույսերի վրա դրական ազդեցության մի շարք գործոններ:
    Մանսվորապես խմորիչը.

    • Բարձրացնում է սածիլների դիմացկունությունը, խթանում աճը նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում;
    • Արագացնում է բույսի աճը նպաստում է ուժեղ արմատակալմանը;
    • Նպաստում է շիվերի և ելակի թփերի արմատառաջացմանը:

    Խմորիչը, որպես պարարտանյութ, գործում է հողում առկա միկրոորգանիզմների բազմացման համար բարենպաստ ու սննդարար միջավայր ստեղծելով: Արդյունքում միկրոորգանիզմները արագ բազմանալով, ավելի արագ են մշակում հողում առկա օրգանական նյութերը՝ արտաթորելով հողի մեջ ազոտ և կալիում:

    Ինչպես խմորիչից պարարտանյութ պատրաստել

    Խմորիչից պարարտանյութ պատրաստելը դյուրին է: Կիրառելի են և՛ չոր, և՛ հում, բրիկետավորված տեսակները: Եթե նույնիսկ խմորիչ չունեք, կարելի է սննդարար լուծույթ ստանալ օգտագործելով հաց կամ պաքսիմատ:
    Սնուցող լուծույթի կազմի մեջ կարելի է ներմուծել տարբեր բուսական բաղադրիչներ: Օրինակ, մեծ այգու բույսերը պարարտացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել թթխմորն ու կանչ խոտի թուրմը:
    Միայն մոլախոտերը չեն օգտագործում ազոտ պարունակող խառնուրդներ պատրաստելու համար: Խառնուրդին կարելի է ավելացնել կարտոֆիլի կլեպ, տերևներ, գայլուկի թփեր:
    Ի դեպ, գայլուկի և խմորիչի կիրառմամբ լուծույթ պատրաստելը լավագույն տարբերակն է, քանի որ գայլուկն ինքն իրենով արդեն լավ խմորիչ է և մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
    Խմորիչով պատրաստված լուծույթը կենսաբանորեն ակտիվ խտանյութ է, որը կարելի է օգտագործել, գործնականում բոլոր բույսերի սնուցման համար:

    Սնուցում լոլիկի, տաքդեղի և վարունգի համար

    Լոլիկի, տաքդեղի ու վարունգի թուփը խմորիչով պատրաստված պարարտանյութով սնուցում են, երբ սածիլն արդեն լավ արմատավորվել է՝ բաց գրունտ տեղափոխելուց առնվազն 1 շաբաթ հետո:
    Երկրորդ անգամ նույնպիսի սնուցում անում են ծաղկելուց առաջ:
    Առաջարկվում է հետևյալ բաղադրատոմսը՝

    • Չոր խմորիչ – 10 գ;
    • Հավի ծերտի թուրմ – 0,5 լ;
    • Փայտի մոխիր – 0,5 լ;
    • Շաքարավազ – 5 ճաշի գդալ;
    • Ջուր – 10 լ:

    Թփերը սնուցելու համար, ստացված լուծույթը, 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով: Քանի որ, լուծույթի մեջ հավի ծերտ կա, լուծույթը պետք է լցնել, ոչ թե անմիջապես արմատին, այլ քիչ հեռու՝ բնի շուրջը:
    Նոր աճած, մատղաշ թփերի շուրջ բավարար է 0,5 լ լուծույթ լցնելը, իսկ հասուն թփերին պետք է առնվազն 2 լ:
    Սնուցման դրական ազդեցությունը տեսանելի կլինի 3-4 օրից՝ թուփը նկատելիորեն փառթամանում է, իսկ տերևները հաստ ու հյութալի են դառնում:
    Մեր ընթերցողներից մեկի առաջարկած, լոլիկի սնուցման համար ևս մեկ բաղադրատոմս
    100 գ խմորիչը և կես բաժակ շաքարավազը բացում ենք 3 լ ջրով, անոթը ծածկում ենք մառլյայով և թողնում ենք մեկ շաբաթ խմորվի: Պատրաստ լինելուց հետո, ստացված լուծույթի 1 բաժակը բացում ենք 10 լ ջրով և ջրում լոլիկի թփերը՝ ամեն թփին մոտ 1 լիտր:

    Սենյակային բույսերի և բացօդյա ծաղիկների սնուցումը

    Սենյակային բույսերի և բացօդյա աճող ծաղիկների համար խմորիչի կիրառմամբ պարարտանյութը կազմում են հետևյալ բաղադրիչներով՝

    • Ջուր – 10 լ;
    • Չոր խմորիչ – 10 գ;
    • Շաքարավազ – 3 ճաշի գդալ:

    Օգտագործելուց առաջ ստացված լուծույթը պետք է պահել առնվազն 3 ժամ տաք տեղում, որպեսզի խմորում ընթանա: Այնուհետև լուծույթը բացում են ջրով՝ 1:5 հարաբերակցությամբ և ջրում են բույսերը:
    Այդպիսի լուծույթով սնուցումը օգտակար է Հիրիկների, Քաջվարդերի, Քրիզանթեմների, Թրաշուշանների, Վարդերի և, ընդհանրապես, այն ծաղիկների համար, որոնք մեծ վեգետատիվ զանգված են ձևավորում:
    Խմորիչից պատրասված պարարտանյութով սնուցում շատ են սիրում վարդերը: Եթե սեզոնի ընթացքում 2 անգամ այդպիսի սնուցում տալ վարդի թփերին, ապա դրանք ոչ միայն ավելի լավ ու բուրավետ ծաղիկներ կունենան, այլև ավելի հեշտ կանցկացնեն ձմեռը:

  • Տանը դրական էներգիա սփռող 12 բույսեր

    Սենյակային բույսերը մեծամասամբ աճեցվում են տունը կամ գրասենյակը գեղեցկացնելու համար: Բայց կան բույսեր, որոնք բացի այդ դրական էներգիա են հաղորդում միջավայրին:  Որոշ բույսեր ունակ են մաքրել օդը, կամ հանգստացնել, ազատել ստրեսից, լավ տրամադրություն հաղորդել: Ձեզ շրջապատող բացասական էներգիան ցրելը կարևոր գործոն է առողջության և երջանկության համար: Աճեցրեք ներքո ներկայացված 12 բույսերը ի բարօրություն ձեզ և ձեր մերձավորների:

     1/ Սպաթիֆիլում, (անգլ.՝ Peace Lily, ռուս.՝ Спатифи́ллум, լատ.՝ Spathiphyllum)

    Համարվում է, որ Սպաթիֆիլումը նպաստում է մարդու հոգևոր, մտավոր և ֆիզիկական զարգացմանը: Այն բարելավում է էներգիայի հոսքը տան մեջ, մաքրելով օդը և չեզոքացնելով ներսի վնասաբեր գազերը: Այս բույսը լավ է աճում ստվերում և նույնիսկ մութ անկյուններում: Տեղադրվելով ննջարանում, այն խաղաղություն ու հանգիստ քուն կպարգևի:

    2/ Հասմիկ (անգլ.՝ Jasmine, ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)
    Հասմիկը դրական էներգիա է հավաքում, օգնում է կառուցել և խորացնել ռոմանտիկ հարաբերությունները: Հասմիկի քաղցր և հաճելի բուրմունքը կարող է օգնել ընկճախտից դուրս գալուն և լրացուցիչ լիցքեր հաղորդել: Այս բույսը պետք է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ եթե այգում է, ապա հյուսիսային, արևելյան կամ հյուսիս-արևելյան հատվածներում:

     3/ Խնկունի (անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis)

    Խնկունին օժանդակում է ֆիզիկական և մտավոր ինքնազգացողության բարելավմանը, քանի որ մաքրում է սենյակի օդը տոքսիններից: Խնկունու հոտը կարող է վայրկյանական բարձրացնել ձեր տրամադրությունը, բացի այդ, մեղմում է հոգնածությունը, թարմացնում է հիշողությունը, օգնում է հաղթահարել վախերը և անքնությամբ տառապողներին: Խնկունին նաև ներքին հանգստություն է պարգևում: Տեղադրեք խնկունին արևկող տեղում և զգուշացեք այն ջրախեղդ անելուց:
    4/ Վիշապենի (Lucky Bamboo [Dracaena braunii], Драцена Сандера, լատ.՝ Dracaena sanderiana)
    Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Ֆեն շուին համաձայն, վիշապենու ուղղաձիգ ուրվագիծը ներկայացնում է փայտի տարրը, որն ազդում է կյանքի էներգիայի, կենսունակության և ֆիզիկական ակտիվության վրա: Վիշապենին մեծ խնամք չի պահանջում: Դրեք այն արևի ուղղակի լույսից դուրս, կիսաստվերում կամ ստոերում, սենյակի որևէ անկյունում, ապակյա ծաղկամանի մեջ՝ լցնելով 2,5 սմ բարձրությամբ թորած կամ լավ ֆիլտրացված ջուր:

    5/ Էպիպրեմնում (ԱՆԳԼ.՝ Money Plant, ՌՈՒՍ.՝ Эпипре́мнум золотистый, լատ.՝ Epipremnum aureum)
    Ըստ Ֆեն շուի Էպիպրեմնումը դրական էներգիա է սփռում, որը բերում է բարի բախտ և հաջողակություն: Այն կարելի է աճեցնել և որպես մագլցող, և որպես գետնատարած բույս: Էպիպրեմնումը տեղադրեք սուր պատերի կամ անկյունների դիմաց, որպեսզի այն օգնի նվազեցնել տագնապները, ընկճախտը և վատ մտքերը: Բույսի շյուղը պետք է ուղղված լինի վերև, որպեսզի հարստություն ու բարգավաճում բերի ընտանիքին:
    6/ Խոլորձ (անգլ.՝ Orchid, ռուս.՝ Орхидея, լատ.՝ Orchidaceae)
    Ֆեն շու ուսմունքին համաձայն, խոլորձը դեպի իրեն դրական էներգիա է ձգում ու կուտակում, ինչով բարելավում է տան էներգիան ու բնակվողների կյանքը: Խոլորձներն ունենում են տարբեր ձևերի և գույների երկար պահպանվող ու նուրբ, սքանչելի հոտ ունեցող ծաղիկներ, որոնք տրամադրություն են բարձրացնում: Խոլորձները թթվածին են արտադրում գիշերը, այնպես որ ննջարանում տեղադրելը լավ լուծում է:

    7/ Հալվե Վերա (անգլ.՝ Aloe Vera, ռուս.՝ Алоэ вера, լատ.՝ Alóe véra) 
    Հալվե Վերան հաջողություն ու դրական էներգիա է բերում: Այն նաև տարբեր կիրառումներ ունենալ որպես որպես դեղաբույս: Մի տեղադրեք այն Արևի ուղիղ չառագայթների տակ, ընտրեք ծրված լուսավորությամբ տեղ, կամ ապահովեք արհեստական լուսավորություն: Նաև մի մոռացեք կանոնավոր ջրել: Հալվե Վերան չի սիրում ջրախեղդ վիճակը, այնպես որ ապահովեք հողի լավ դրենաժ: Համարվում է, որ Հալվե Վերան օդի մեջ տարածում է նյութեր, որոնք վանում են դժբախտություններն ու բացասական հոգեհոսանքները (ֆլյուդները):
    8/ Սուրբ Ռեհան (անգլ.՝ Holy Basil, ռուս.՝ Базилик свяще́нный, լատ.՝ Ocimum sanctum)
    Համարվում է, որ Սուրբ Ռեհանը մաքրում է օդը բացասական էներգիայից և խթանում է միջավայրի դրական տատանումները: Սա այն հազվադեպ բույսերից է, որ օրական 20 ժամ թթվածին է արտադրում ու միաժամանակ չեզոքացնում է ոդում տարածված վնասակար գազերը: Սուրբ Ռեհանը հզոր հակաօքսիդանտ է՝ իր հակաբակտերիալ, հակասնկային ու հակաբորբոքային հատկություններով:  Համարվում է, որ Սուրբ Ռեհան աճեցնելը նպաստում է հոգեկան առողջությանը, մանավանդ երբ բույսը տեղադրված է տան կամ բակի հյուսիսային, հյուսիսարևելյան կամ արևելյան հատվածներում: Սուրբ Ռեհանը լավ է աճում պայծառ արևի տակ:
    9/ Քրիզանթեմ (անգլ.՝ Chrysanthemum, ռուս.՝ Хризанте́ма, լատ.՝ Chrysánthemum)
    Քրիզանթեմը մաքրության և ազնվության խորհրդանիշ է: Նաև համարվում է, որ ունի բուժիչ հատկություններ: Մաքրում է օդը և չեզոքացնում տոքսինները: Քրիզանթեմը բարեկեցուցյան և երկար կյանքի խորհրդանիշ էլ է: Տեղադրեք Քրիզանթեմը լարվածություն ներշնչող գոտիներում, որպեսզի այն հանգստություն պարգևի:

    10/ Եղեսպակ (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й лека́рственный, լատ.՝ Salvia officinalis)
    Եղեսպակը անհավատալի մաքրող հատկություն ունի և օգնում է վանել տան մթնոլորտից այնպիսի բացասական զգացմունքներ, ինչպիսին են զայրույթն ու վախերը: Այն նաև տնով մեկ սփռում է դրական էներգիա: Հավելենք, որ նաև դեղաբույս է: Պետք չէ տեղադրել Եղեսպակը շատ չոր, խոնավությունից զուրկ տեղերում:

    11/ Դիփսիս (անգլ.՝ Bamboo palm, Golden cane palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens)
    Այս բույսի տերևների գեղատեսիլ կորերը փափկեցնում են տան կամ գրասենյակի տարածքի էներգիան: Դիփսիսը նաև հրաշքներ է կատարում օդը մաքրելու գործում՝ վերացնելով բոլոր տոքսինները և ստեղծելով կենսագործունեության համար հարմարավետ միջավայր:

    12/ Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
    Բաղեղը ոչ միայն գեղեցկացնում է փոքր տարածքները, այլև բարձր է գնահատվում իր՝ օդը ֆիլտրելու կարողությամբ: Այն կլանում է օդի միջի տոքսինները, վերածելով բնակարանը հանգիստ ու ապահով տարածքի:

    Թարգմանված է այստեղից:

    Հղումներ