
Բոկաշին (անգլ.՝ Bokashi, ռուս.՝ Бокаши) գործընթաց է, որի արդյունքում սննդային թափոնները եւ նմանատիպ օրգանական նյութերը վերածվում են պարարտանյութի, որը օգտակար տարրերով հարստացնում է հողը ու բարելավում է հողի կառուցվածքը:
Միևնույն ժամանակ բոկաշին, որը ճապոներեն նշանակում է ֆերմենտացված օրգանական նյութ, նաև մերան (kickstarter) հանդիսացող նյութի անունն է:
Բոկաշի մերանը ցորենի կամ այլ ացազգիների թեփի հիմքի վրա աճեցված, ներգործուն մանրեներ կոչվող, միլիարդավոր կաթնաթթվային բակտերիաների (Lactobacillus casei), ֆոտոսինթեզող բակտերիաների (Rhodopseudomonas palustris) եւ խմորիչների (Saccharomyces cerevisiae) խառնուրդ է։
Թարմ բոկաշի մերանը ինքնին պատրաստի պարարտանյութ է և լայնորեն օգտագործվում է օրգանական հողագործությունում, սակայն այն երկար կյանք չունի՝ պետք է անմիջապես կիրառվի։ Երկարատեև օգտագործման համար բոկաշին չորացնում են ու պահում հերմետիկ ամաններում կամ փաթեթավորում են ու հանում վաճառքի։ Պահպանման ժամկետը 2 տարի է:
Չորացված բոկաշին նույնպես պատրաստի օրգանական պարարտանյութ է ու, միևնույն ժամանակ, օգտագործվում է բոկաշի կոմպոստ պատրաստելու համար։
Բոկաշի կոմպոստ պատրաստելը
Կոմպոստ պատրաստելու ավանդական եղանակից բոկաշին տարբերվում է հետևյալով.
- Առաջնանյութը բոկաշիում ոչ թե քայքայվում է, այլ ֆերմենտացվում է հատուկ բակտերիաների օգնությամբ;
- Ֆերմենտացված նյութը կարելի է անմիջապես խառնել այգու հողի հետ՝ հասունացման լրացուցիչ ժամանակ չի պահանջվում։ Արդյունքում, գրեթե բոլոր օգտակար տարրերը մնում են հողում։
Բոկաշին անօդ (անաէրոբ) գործընթաց է, որտեղ խոհանոցային թափոնների ֆերմենտացման համար օգտագործվում Է հատուկ մանրէներով բնակեցված թեփ ու ելքում ստացվում է հարուստ, օրգանական պարարտանյութ, ինչպես նաև բույսերը ջրելով սնուցելու համար նախատեսված, սննդարար բոկշի թեյ։
Բոկաշիում, ի տարբերություն աէրոբ եղանակով ընթացող դասական կոմպոստավորման, կարելի է ֆերմենտացնել ամեն տեսակի խոհանոցային թափոն, այդ թվում, մսամթերք եւ կաթնամթերք, սակայն պարտիզպանը, միևնույն է, խորհուրդ է տալիս չանել դա։
Թափոնները մանրացվում են և շերտ առ շերտ լցվում են կոմպոստերի դույլի մեջ։ Շերտերն իրարից բաժանում են վաղօրոք մանրեներով բնակեցված թեփի՝ բոկաշի թեփի բարակ շերտով։ Բերնեբերան լցվելուց հետո, դույլը հերմետիկ փակում են և 10-12 օրով մի կողմ դնում: Ֆերմենտացիայի ընթացքում հեղուկ է դուրս ծորում դույլի հատակի անցքերից։ Այդ հեղուկը կոչվում է բոկաշի թեյ և շատ հարուստ է օգտակար նյութերով։ Այն հավաքում են շշերի մեջ և օգտագործում բույսերը սնուցելու համար։
Բոկաշիի համար վաճառվում են հատուկ խոհանոցային կոմպոստերներ և մանրեներով բնակեցված պատրաստի թեփ, որոնց օգնությամբ գործն առավել դյուրին է դառնում։

Երբ 10-12 օր անց կոմպոստի դույլը բացում են, միջի մթերքի մասնիկները դեռ լիովին քայքայված չեն լինում, սակայն արդեն ֆերմենտացված են։ Կարելի է շարունակել ֆերմենտացումը, բայց, եթե հնարավորություն կա, կարելի է բույսերի արմատներից քիչ հեռու թաղել այդ զանգվածը հողում փորված ակոսների մեջ՝ որպեսզի գործընթացն ավարտվի հողում և բոլոր օգտակար նյութերը մնան այնտեղ։
Բոկաշի մերանի կիրառման այլ եղանակներ
Որպես պարարտանյութ
- Հողի գարնանային/աշնանային նախապատրաստման ընթացքում, կախված հողի հյուծվածության և/կամ քիմիկատներով աղտոտվծության աստիճանից, 1 մ2 -ին շաղ են տալիս 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։ Երեկոյան ժամերին, կամ ամպամած եղանակին բոկաշին, լավ կլինի սիդերատների սերմերի հետ խառնած, հավասարաչափ սփռում են հողի մակերեսին, այնուհետև թեթևակի փոցխով խառնում են մակերեսը և մուլչապատում։
- Սերմեր ցանելիս, կամ բոկաշին խառնում են սերմերի հետ, կամ էլ լցնում են սերմերի, սոխուկների, պալարների կողքին՝ կախված բույսի մեծությունից և առանձնահատկությունից, 1 պտղունցից մինչև 1 բուռ։
- Սածիլներ, տնկիներ, թփեր և ծառեր տնկելիս, փոսի հատակին բոկաշի են լցնում, ծածկում հողի շերտով, այնուհետև տնկում են բույսը։ Կարելի է նաև շաղ տալ բոկաշին նոր տնկած բույսի շուրջը և մուլչապատել։
- Բույսերի արմատային սնուցման համար, բույսի բնից 10-50 սմ հեռավորության վրա շաղ են տալիս բոկաշին, մուլչապատում են և եթե կարիք կա, ջրում են։ Սնուցումների հաճախականությունը որոշում են հողի և բույսի վիճակից ելնելով։ Հողի 1 մ2 -ին տալիս են 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։
- Սենյակային բույսերին սնուցելու համար, բոկաշին նույն ձևով է կիրառվում՝ կամ խառնում են ծաղկամանի հողի վերին շերտի հետ, կամ էլ շաղ տալիս ու մուլչապատում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բոկաշին շատ ուժեղ ներգործող է՝ չափն անցնել պատք չէ։ Սնուցումների աճախականնությունն ու չափաբաժինները պետք որոշել ամենացածր չափաբաժիններից սկսելով։
- Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդ պատրաստելիս, 1 դույլ 30% խոնավությամբ հողախարնուրդին ավելացնում են 25- 50 գ (0,5-1 բաժակ) բոկաշի, հետո լավ խառնում են, փաթեթավորում հերմետիկ տոպրակի կամ ամանի մեջ ու տաք, մութ տեղում պահում 20-30 օր։
Բոկաշին որպես ավանդական կոմպոստի հասունացման արագացուցիչ
Ավանդական կոմպոստի հասունացումն արագացնելու համար, շերտերի միջև շաղ են տալիս հող և բոկաշի մերանը՝ 10 կգ օրգանական զանգվածին 100 գ բոկաշի հաշվարկից ելնելով։
Բոկաշի թեյը նույնպես արագացնում է կոմպոստավորումը։ 1:10 ջրով բացված բոկաշի թեյով ջրում են կոմպոստի ամեն նոր շերտ՝ 1 մ2-ին 2 բաժակ։
Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելը
Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելու համար, ոչ մետաղական ամանի մեջ, 3/4-ի չափով լցնում են ցանկացած մանրեցված կանաչ խոտ (ամենաօգտակարն են՝ սեզախոտը, եղինջը, առվույտը, սագախոտը), վրան ջուր են լցնում և 15 լիտր ջրի հաշվարկով, ավելացնում են 1 բաժակ մուրաբա կամ քաղցր սիրոպ (մելասա, molasses, меласса) և 2-3 բաժակ բոկաշի։ Ստացված լուծույթը փակում են և, օդի +25…+35 °C ջերմության դեպքոմ, թողնում են 3-5 օր «եփվի»։
Պատրասի թուրմը, զտելուց հետո 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով և օգտագործում են ջրելով բույսերը սնուցելու համար։
Ինչպես ինքնուրույն ներգործուն մանրեներից (ՆՄ) բոկաշի պատրաստել
Պատրաստի, չոր բոկաշի (բոկաշի թեփ, բոկաշի մերան) կարելի է գնել առցանց խանութներից։ Սակայն, ավելի էժան է գնել ներգործուն մանրեներ (ՆՄ) և ինքնուրույն պատրաստել բոկաշի։
Ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- 1 կիլոգրամ ցորենի կամ այլ հացազգիների թեփ;
- 100 միլիլիտր ներգործուն մանրեների լուծույթ, օրինակ «Байкал», «Сияние», ՆՄ-ից ինքնուրույն պատրաստված կամ ցանկացած այլ։
- 100 գրամ շաքարավազ (ցանկալի է շագանակագույն տեսակը);
- 100 գրամ ծովի աղ;
- 600 միլիլիտր թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ ջուր։ Ջուրը լավ կլինի գոլ լինի, ոչ տաք +36 °С-ից։
- Սկզբում ջրին խառնում են ծովի աղը հետո շաքարավազը։
- Աղի եւ շաքարի լուծվելուց հետո, ավելացնում են ներգործուն մանրեներին (ՆՄ):
- Ստացված լուծույթը լցնում են թեփի վրա ու լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
- Ստացված խառնուրդը լցնում են սև, ամուր ու հերմետիկ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա։ Որքան քիչ օդ մնա փաթեթում, այնքան բարձր կլինի պատրաստի արտադրանքի որակը։ Տոպրակի բերանը պինդ կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում ներգործուն մանրեները, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։
Եթե 2 շաբաթ անց փաթեթը բացելուց հետո խնձորի կամ թարմ թխած հացի ու կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթացել և բոկաշին պատրաստ է։ Զանգվածի մակերեսին առաջացած միկրոսկոպիկ սպիտակ սնկերի հետքերը նույնպես վկայում են գործընթացի ավարտը։ Եթե սնկերի նշված հետքերը չկան, ուրեմն գործընթացն ավարտված չէ։ Պետք է նորից հանել օդը պարկից, կապել և ևս 1 շաբաթ շարունակել ֆերմենտացիան։
Իսկ եթե զանգվածից նեխածի հոտ է գալիս, նշանակում է ինչ-որ բան սխալ է ընթացել և ստացվածը օգտագործելի չէ։
ԻՆչպես հետագա օգտագործման համար պահպանել բոկաշին
Պատրաստված բոկաշին պետք է օգտագործել անմիջապես։ Իսկ եթե անհրաժեշտ է պահպանել այն հետագա օգտագործման համար, ապա պետք է մեկ օրում, մութ, տաք տեղում փռել և չորացնել այն:
Չորացնելուց հետո բոկաշին լցնում են ամուր, սև պոլիէթիլենային տոպրակի մեջ, օդը հանում են ու բերանը կապելուց հետո պահում են ջերմ մութ տեղում: Մոտ ամիսը մեկ անգամ բացում են տոպրակը, որպեսզի համոզվեն, որ բոկաշին լավ վիճակում է։ Եթե նյութից դեռ հաճելի՝ խնձորի, թարմ հացի կամ կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է, կարելի է շարունակել նույն կարգով պահպանումը։ Իսկ եթե տհաճ հոտ կամ ավելորդ խոնավություն է առաջացել, անհրաժեշտ է նորից չորացնել բոկաշին։
Ինչպես առանց ներգործուն մանրեների (ՆՄ), բրնձի ջրից, կաթից, մելասայից և ցորենի թեփից, ինքնուրույն բոկաշի թեփ ստանալ
Առանց ներգործուն մանրեների կիրառման հնարավոր չէ ստանալ իրական բոկաշի, սակայն շատ այգեգործներ պնդում են, որ ներքո ներկայացվող ձևով ստացված բոկաշին համարյա ոչնչով չի զիջում իսկականին։
- Անլվա բրինձը (1 մաս) խառնում են թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ ջրի հետ (2 մաս) լավ խառնում են և ստացված սպիտակ հեղուկն առանձնացնում են որևէ անոթի մեջ։ Անոթի բերանը փակում են մի քանի տակ ծալած մառլյայով։
- Ստացված հեղուկը մոտ մեկ շաբաթ պահում են մութ և զով տեղում։
- Մոտ մեկ շաբաթ անց հեղուկի վրա առաջանում է բարակ թաղանթ՝ սեր, իսկ անոթի հատակին՝ մի փոքր նստվածք կարող է լինել։ Առանց ցնցելու, միջնամասից պետք է քաշել հեղուկը և խառնել կաթի հետ՝ 10 մաս կաթ, 1 մաս հեղուկ համամասնությամբ։
- Ստացված նոր հեղուկը լցնում են որևէ անոթի մեջ (ոչ շատ պինդ ձգված կափարիչով փակված, որպեսզի առաջացող գազերը դուրս գան) և մոտ 2 շաբաթ պահում են մութ և զով տեղում։
- Մոտ 2 շաբաթ անց անոթի վերին մասում կուտակվում է կաթնաշոռատիպ զանգված իսկ ներքևում հետագա քայլերի համար անհրաժեշտ, դեղնավուն շիճուկն է։
- Մոտ 3 լիտր քլորազերծ, տաք, բայց ոչ եռման ջրին խառնում են 4 ճաշի գդալ մելասա, այնուհետև խառնուրդին ավելացնում են 4 ճաշի գդալ (60 մլ) ստացված շիճուկից։
- Ստացված լուծույթը լցնում են մոտ 5,5 կգ ցորենի թեփի վրա և լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
- Ստացված խառնուրդը լցնում են սև, պինդ ու հերմետիկ, ցելոֆանե տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա, տոպրակի վիզը կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում լակտոբացիլները, սնվելով մելասայով, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։
- Երկու շաբաթ անց, բոկաշի թեփը պատրաստ է օգտագործման համար։ Իսկ եթե անհրաժեշտ է այն որոշ ժամանակ պահել, ապա բոկաշի թեփը բարակ շերտով փռում են ու չորացնում, որից հետո պահում են հերմետիկ ամանների մեջ։ Տոպրակը բացելուց հետո, ճիշտ պատրաստված բոկաշի թեփը պետք է ոչ տհաճ թթվահոտ ունենա։