Ի՞նչ է ներգործուն մանրէների տեխնոլոգիան՝ ՆՄ տեխնոլոգիան
ՆՄ տեխնոլոգիան (անգլ․՝ Effective microorganisms technology [EM technology], ռուս․՝ технология эффективных микроорганизмов [ЭМ технология]) հողագործական գործընթաց է, որով, ներգործուն մանրէների օգտագործմամբ, հողը պահվում է կենսաբանորեն ակտիվ վիճակում: Արդյունքում հողը առողջանում է և բերրի դառնում, ինչը թույլ է տալիս առատ, որակյալ և էկոլոգիապես մաքուր բերք ստանալ։
ՆՄ տեխնոլոգիան օրգանական հողագործության հենասյուներից է: Դրա կիրառումը թույլ է տալիս՝
- էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես հրաժարվել հանքային պարարտանյութեր օգտագործելուց;
- էականորեն բարելավել հողի կառուցվածքը, դարձնել այն փխրուն ու թափանցիկ օդի և ջրի համար;
- արագացնել հողում գտնվող օրգանական նյութերի ֆերմենտացիան;
- ամրապնդել բույսերի իմունային համակարգը, բարձրացնել կայունությունը հիվանդությունների նկատմամբ;
- պաշտպանել բույսերը վնասատուներից;
- բույսերի հզոր արմատներ ձևավորել, բարձրացնել դրանց ցրտադիմացկունությունը:
Ներգործուն մանրէների տեխնոլոգիայի կիրառումը ենթադրում է օրգանական հողագործության հետևյալ հետևյալ կանոններին հետևելը՝
- Հողը չեն փորում։ Միայն մակերեսային (5-10 սմ) փխրեցում կարելի է անել։ Հողի տարբեր շերտերում, տարբեր տիպի բակտերիաներ են բնակվում։ Խոր փորելը խորքի, 15 սմի-ից ներքև ապրող, անաէրոբ բակտերիաները դուրս է բերում մակերես, որտեղ դրանք չեն կարող ապրել և հակառակը՝ աէրոբներին ուղարկում է խորք՝ խեղդվելու։ Խախտվում ու խցանվում են նաև հողի “շնչառական ուղիները”։
- Բաց, մերկ, պարապ հող չպետք է լինի այգում։ Ազատ տեղ առաջանալու դեպքում, եթե աճեցնելու այլ բան չկա, հողը կամ պետք է ցանքածածկվի (մուլչապատվի) կամ էլ սեդերատներ ցանվեն։
- Հրաժարում քիմիայից և հանքային պարարտանյութերից; Ցանկացած քիմիական սնուցում թմրանյութի ազդեցություն ունի հողի վրա։
- Օրգանական պարարտանյութերը չեն թաղում հողի մեջ՝ փռում են մակերեսին՝ ցանքածածկի տակ։ Աճեցվող բույսերի արմատներից հեռու, ցանքածածկի տակ կարելի է նաև առողջ թռջնի, կովի, ձիու թարմ գոմաղբ հողին շաղ տալ։
- Կերակրում են ոչ թե բույսերը այլ հողի կենդանական աշխարհը՝ սկսած օգտակար միկրոօրգանիզմներից, վերջացրած որդերով։ Դրանց կենսագործունեության արդյունքներն են ապահովում բույսերին աճի և բերքատվության համար անհրաժեշտ նյութերով։
Վերը թվարկված կանոնների 5-րդ կետի կարևորությունը պայմանավորված է հետևյալով։
Բնական պայմաններում, օրինակ անտառներում, ոչ ոգ հոգ չի տանում վայրի ծառերի, թփերի, ծաղիկների նկատմամբ։ Ոչ ոք չի փորում, փխրեցնում կամ պարարտացնում հողը։ Տեղի են ունենում ինքնակարգավորվող գործընթացներ։ Տերևները, չոր ճյուղերը, մեռած բույսերն ու փոքր ու մեծ կենդանիները հայտնվում են հողի մակերեսին, որտեղ միլիարդավոր մանրէներ վերամշակում են դրանք։ Վերամշակվածը, ինչպես նաև մշակողներին ուտում են քիչ ավելի մեծ էակները և նոր վերամշակում է տեղի ունենում։ Վերջնարդյունքում հողում առաջանում են բույսերի համար անհրաժեշտ, ի տարբերություն հանքային պարարտանյութերի, շատ ավելի հեշտ յուրացվելի տարրեր, որոնք էլ ապահովում են բույսերի կյանքը։
Ավելին, կենսագործունեության ընթացքում այդ միլիարդավոր մանրէները արտադրում են բույսերի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ածխածին գազ։
Եթե այգեգործին հաջողվում է վերը նկարագրված բնական գործընթացների ավելի ինտենսիվ տարբերակը ներդնել իր այգում, ապա թե՛ առատ ու որակյալ բերքն է ապահովվում, թե՛ հողն է միշտ առողջ ու բերրի մնում, թե շրջակա միջավայրին ոչ մի վանաս չի հասցվում։
Ցանկացած տիպի հողի դեպքում, եթե ցանքացածկի ու օրգանական պարարտանյութերի տեսքով մշտական սնունդ ապահովվի մանրէների համար, նույն ցանքածածկի ու ժամանակին ջրելու միջոցով հարմարավետ խոնավություն ու կիզիչ արևից պաշտպանություն լինի, շատ շուտ կստացվի առողջ, փխրուն ու բերրի հող։
Բնականաբար, ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են օգտակար հողի ու բույսերի համար։ Խնդիրը հենց օգտակարներին բազմացնելու և դրանց քանակով վնասակարներին ճնշելու ու վանելու մեջ է։

Մոտ կես դար առաջ, ճապոնացի գիտնական Տերուո Հիգային (Teruo Higa) հաջողվեց ոչ միայն առանձնացնել մի խումբ օգտակար միկրոօրգանիզմներ, այլև հայտնագործել, որ դրանք, մի մասը լինելով անաէրոբ, մյուսը՝ աէրոբ, կարող են սիմբիոզ կազմել ու հրաշքներ գործել։
Տարբեր տեսակի 80 միկրոօրգանիզմներից կազմված այդ սիմբիոզին, որում ընդգրկված են կաթնաթթվային և ֆոտոսինթեզող մանրէներ, խմորիչներ, ակտինոմիցեթներ (actinomycets), սնկեր, գիտնականը անվանեց «ՆՄ Ներգործուն մանրէներ» («EM» – Effective Microorganisms)։
Իր կյանքի ընթացքում պրն․ Հիգան ստեղծեց տարբեր ոլորտներում կիրառվող ՆՄ մի քանի ենթատեսակներ։ Հիմա, տարիներ անց, բացի հողագործությունից, «ՆՄ» տեխնոլոգիան կիրառում է գտել բազմաթիվ այլ ոլորտներում՝ սկսած բժշկությունից, վերջացրած շինարարությունով։
ՆՄ տեխնոլոգիան լայն կիրառում է գտել աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում մեծտարածում են գտել ՆՄ սեփական, ըստ մասնագետների, ավելի պարզունակ տեսակները։ Վաճառքում, մասնավորապես, կարելի է գտնել՝
- Байкал ЭМ-1
- Сияние 1,2,3
- “ЭМ-БИО” Восток ЭМ-1
- Бокаши
- Тамир биозащита (биофунгицид)
- Тамир биобарьер (биоинсектицид)
Անշուշտ, Համացանցի միջոցով կարելի է գտնել և գնել ճապոնական, ամերիկյան, չինական և այլ երկրների արտադրած ՆՄ պատրաստուկներ։
ՆՄ պատրաստուկների հետ աշխատելու մի քանի ընդհանուր կանոններ կան՝
- պետք է հաշվի առնել, որ դրանք կենդանի օրգանիզմներ են պարունակում, ուստի սառեցնել, կարճատև ցրտահարել, կիզիչ արևի կամ բառձր ջերմաստիճանի ազդեցության տակ թողնել չի կարելի;
- լուծույթներ պատրաստելիս, պետք բացառել ծորակի քլորացված ջուր օգտագործելը;
- բույսերի և հողի մշակումը ՆՄ պատրաստուկներով կատարվում է անմիջապես պատրաստելուց հետո, առավելագույնը մեկ օրվա ընթացքում;
- լուծույթներ պատրաստելիս, պետք է օգտագործել պլաստիկ, ապակյա կամ էմալապատ տարա։
Ձեռք բերված ՆՄ պատրաստուկներից յուրաքանչյուրն ունենում է դրանց հետագա պատրաստման (ակտիվացման, միկրոօրգանիզմների արթնացման), չափաբաժինների և կիրառման եղանակների մասին կից հրահանգներ։
Ընդհանուր առմամբ ՆՄ պատրաստուկները այգեգործությունում կիրառվում են՝
- սերմերի եւ տնկանյութի նախնական մշակման համար;
- հողի հարստացման համար;
- ՆՄ կոմպոստի պատրաստման համար;
- բույսերի արտաարմատային կամ արմատային սնուցման համար;
- մոլախոտերի վերացման համար։
ՆՄ օգտագործմամբ պատրաստում են նաև բոկաշի թեփ (մերան), որի պատրաստման ու օգտագործման ոլորտների մասւն կարող եք կարդալ պարտիզպանի «Բոկաշի» հոդվածում։
ՆՄ տեխնոլոգիային առընչվող պարտիզպանի այլ հոդվածներ էլ կան՝