
Ուոլերի Պատկառուկը (անգլ․՝ Busy Lizzie, ռուս․՝ Недотрога Уоллера, լատ․՝ Impatiens walleriana) պատկառուկների ցեղի տեսակ է, որը բնիկ է Արևելյան Աֆրիկայում՝ Քենիայից մինչև Մոզամբիկ: Անվանակոչվել է բրիտանացի միսիոներ Հորաս Ուոլլերի պատվին։
Ուոլերի պատկառուկ աճեցնում են թե՛ սենյակային պայմաններում, թե՛ պատշգամբում կամ բաց գրունտում։ Այգում, որտեղ այն աճեցնում են որպես միամյա, այս բույսի ծաղկման շրջանը տևում է ամբողջ ամառ, իսկ տանը՝ տարվա մեծ մասը։
Խնամքը
- Ուոլերի պատկառուկը չի հանդուրժում արևի ուղիղ ճառագայթները, բայց նրան անհրաժեշտ է օրական 3-5 ժամ լավ լուսավորություն:
- Եթե բույսն ամռանը դրսում են պահում, պետք է համոզվել, որ վրան անձրև չի գա։
- Պետք է խուսափել ցրտահարումներից։
- Գարնանը և վաղ աշնանը ջրելը պետք է լինի առատ և կանոնավոր, ամռան շոգին՝ նույնիսկ ամենօրյա։ Ձմռանը ոռոգման հաճախականությունը պետք է կարգավորել այնպես՝ որպեսզի հողը միշտ խոնավ լինի, բայց ցեխ չդառնա ու ծաղկամանի տակդիրի մեջ չլճանա։
- Բույսի տերևները սիրում են ցողվել, բայց դա կարելի է անել միայն օդի +20°C բարձր ջերմաստիճանի դեպքում: Հակառակ դեպքում դրանք կարող են թափվել։
- Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատկառուկին պետք է երկու շաբաթը մեկ անգամ սնուցել պարարտանյութերով:
- Եթե բույսը գնվել է խանութից, այն պետք է անմիջապես փոխադրել ավելի փոքր ծաղկամանի մեջ, ինչը կխթանի բույսի ծաղկելը:
- Պետք է պարբերաբար ազատվել բույսի խունացած ծաղիկներից. դրանք խանգարում են նորերի աճին:
- Բազմացման լավագույն ձևը կտրոններովն է։ Խորհուրդ է տրվում դա անել ամռանը, տաք գարնանը կամ աշնանը։ Կտրոնները ջրում արմատակալում են մեկից երկու շաբաթվա ընթացքում:
- Սերմերով բազմացնելու համար, դրանք պետք է հավաքել սերմատուփի դեղնելուց հետո՝ շատ զգույշ, քանի որ այդ պահին սերմերը շատ «խոցելի» են դառնում:
Հնարավոր բարդությունները
- Հողի մեջ սննդանյութերի պակասի դեպքում, կամ երբ ծաղկամանն արդեն փոքր է դառնում, նաև վատ լուսավորության դեպքում, բույսի ճյուղերը շատ երկարում են, իսկ ծաղիկները, ընդհակառակը, փոքրանում են և կորցնում իրենց պայծառությունը։
Այդ ամենից բացի, Ուոլերի պատկառուկն ունի արագ «մաշվելու» հատկություն։ Ճյուղերը մերկանում են, ինչի հետևանքով կորչում է բույսի արտաքին գրավչությունը։ Պատճառը օդի չափազանց բարձր՝ ավելի քան +22°C ջերմաստիճանը կարող է լինել:
- Ճյուղերը փափկում ու դարչնագույն են դառնում, իսկ ոլորված տերևները սկսում են արագ թափվել։ Պատճառը՝ ավելորդ խոնավության ու օդի ցածր ջերմաստիճանի զուգորդումն է։
- Տերևները սկսում են չորանալ և ոլորվել։ Պատճառը շոգն է և օդի չորությունը: Դա կարող է տեղի ունենալ ձմռանը, եթե ծաղկամանը գտնվում է ջեռուցման սարքերի մոտ, կամ ամռանը՝ չոր եղանակին։ Այս խնդրի լավագույն լուծումը բույսը հատակին զով տեղում դնելն է և տերևները պարբերաբար ցողելն է։
- Տերևները սկսում են կորցնել իրենց վառ, հագեցած գույնը։ Ամենայն հավանականությամբ, ծաղիկը քիչ լույս է ստանում։ Ծաղկամանը պետք է տեղափոխել ավելի լուսավոր վայր:
- Ծաղկելը անառատ է, կամ ընդհանրապես բացակայում է։ Խնդիրը կարող է թաքնված լինել լույսի կամ պարարտանյութի պակասի մեջ: Երբեմն էլ, ընդհակառակը, սնուցումը չափից շատ է եղել, կամ ոչ համապատասխան պարարտանյութով։
- Ծաղիկների կտրուկ թափվելը կարող է լինել օդի ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով, հողի չափից ավելի չորանալուց, շատ ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխելուց։ Ծաղկող կամ բողբոջող բույսի ծաղկամանը չեն փոխում։
Հիվանդություններ և վնասատուներ
Բոլոր բույսերը կարող են ենթարկվել որևէ տեսակի հիվանդության կամ վնասատուների հարձակման: Ուոլերի պատկառուկը բացառություն չէ:
- Տերևների ոլորվելը կարող է տիզերի կողմից բույսը վնասելու նշան լինել։ Պետք է հեռացնել բույսի վարակված մասերը, իսկ մնացած մասերը մշակել ախտահանիչ լուծույթով:
- Տերևների դեղնելը կարող է օդի խոնավության պակասից լինել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ցողել տերևները, աշխատելով չդիպչել ծաղիկներին։
- Բողբոջների անկում տեղի է ունենում, երբ ջրելը շատ հաճախակի է կամ հազվադեպ: Բողբոջների անկման մեկ այլ պատճառ կարող է լինել բույսի կեցության նոր պայմաններին հարմարվելը:
- Տերևների վրա դեղին բծերի ի հայտ գալը վկայում է սարդոստայնային տիզի հարձակման մասին։ Ժամանակի ընթացքում պիգմենտացիան կավելանա և կծածկի ամբողջ տերևը: Եթե բծերը դեռ փոքր են, կարելի է տերևները լվալ օճառաջրով: Այս վնասատուի նորից հայտնվելը կանխելու համար բույսերը պետք է հաճախ ցողել։
- Տերևների դեղնելն ու դրանց վրա և տակը կպչուն արտաթորանքի առկայությունը վկայում է սպիտակաթևիկի հարձակման մասին։ Կանխարգելման և բուժման համար բույսը բուժում են կալիումական օճառի հիմքի վրա պատրաստված դեղանյութերով։
- Երբ թրիպսը հարձակվում է: Այս հիվանդությունը կարելի է ճանաչել մատղաշ տերևների դեֆորմացիայից, ծաղիկների վրա բծերի առաջացումից և ծաղկաթերթիկների եզրերի երկայնքով դարչնագույն գույնով։ Թրիպսի դեմ պայքարելու համար պետք է հեռացնել տուժած ծաղիկները: