
Պերեսկիան (անգլ․՝ Pereskia, ռուս․՝ Переския, լատ․՝ Pereskia) կակտուսների երկու տեսակներից բաղկացած փոքր ցեղ է։ Պերեսկիաները նման չեն կակտուսների տարածված այլ տեսակներին, դրանք
տերևներ և ճյուղեր ունեն: Ցեղն անվանվել է 16-րդ դարի ֆրանսիացի բուսաբան Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դե Պեյրեսկի պատվին։
Պերեսկիայի տեսակները

Պերեսկիա փշոտ (անգլ․՝ Barbados goosberry, ռուս․՝ Переския шиповатая, լատ․՝ Pereskia aculeata)
Պերեսկիա փշոտը սաղարթավոր լիանա է, որը կարող է հասնել մինչև 10 մ բարձրության: Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի արևադարձային գոտին է։ Այն լավագույնս աճում է չոր պայմաններում և ծաղկում է նույնիսկ վատ խնամքի դեպքում: Այս տեսակը ծաղկում է ամռանը և ունի և՛ ծաղիկներ, և՛ հատապտուղներ։ Ասում են, որ դրա տերևներն ու պտուղները ուտելի են և սննդարար։

Պերեսկիա Վեբեռի (անգլ․՝ , ռուս․՝ Переския Вебера, լատ․՝ Pereskia weberiana)
Խնամքը տան պայմաններում
- Ծաղկելը։ Երկարատև է: Հաճախ տևում է ամբողջ ամառային և աշնանային ժամանակահատվածում:
- Լուսավորությունը։ Առավոտյան անհրաժեշտ է արևի ուղղակի լույս, կեսօրից հետո մի թեթև ստվերում են կամ ապահովում են ցրված, պայծառ լույսով։ Խորհուրդ է տրվում դնել հարավային պատուհանագոգին։
- Ջերմաստիճանային ռեժիմ։ Վեգետացիոն շրջանում օդի լավագույն ջերմաստիճանը +22…+23°C տիրույթում է։ Հանգստի շրջանի սկսվելուց մի քանի օր շուտ և ողջ շրջանում թուփը տեղափոխում են զով տեղ (մոտ +15°C)։ Դիմանում է մինչև -4°C կարճատև ցրտահարությանը։
- Ջրելը։ Երաշտադիմացկուն է ։ Ակտիվ աճի ժամանակ, շոգ եղանակին պերեսկիան հաճախակի են ջրում։ Ջրում են հողի վերին շերտը 3-4 սմ խորությամբ չորանալուց հետո։
- Օդի խոնավությունը։ Հանգիստ աճում է սենյակի ոչ խոնավ միջավայրում։ Փոշուց մաքրելու համար բույսը պարբերաբար ցնցուղով ցողում են։ Ամառան շոգ օրերին թուփը կարելի է ցողել հնեցված ջրով:
- Սնուցումը։ Կատարվում է մայիս-սեպտեմբեր ամիսներին՝ 4 շաբաթը մեկ։ Օգտագործում են կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված հանքային համալիրի հեղուկ պարարտանյութեր։ Մնացած ամիսներին սնուցում չի տրվում։
- Տեղափոխելը։ Քանի դեռ թուփը երիտասարդ է, կարող է այն երկու և ավելի անգամ նոր, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու կարիք առաջանալ։ Մեծահասակ թուփը նոր ծաղկաման են տեղափոխում միայն անհրաժեշտության դեպքում, երբ ծաղկամանում նեղվածք է առաջանում։ Թուփը տեղափոխում են հողագունդը չվնասելով։
- Բազմացումը։ Կտրոններերով և սերմերով։
- Վնասատուները։ Սարդոստայնային տիզ և ալյուրատիզ:
- Հիվանդությունները։ Մոխրագույն և արմատային փտախտ: