Փետրախոտ, Սարի սմբուլ (անգլ.՝ Feather grass, Needle grass, Spear grass, ռուս.՝ Ковыль, լատ.՝ Stipa), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ։
Ցողունը բարակ է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը)։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով։ Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։
Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռնային, գոտիներում (1500-2200 մ բարձրություններում)։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն։ Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են։
Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է։ Գեղազարդիչ է։