Քացախի կիրառումը բույսեր աճեցնելիս

Քչերը գիտեն, որ բոլորին հայտնի քացախը նաև լավ կիրառություն կարող է ունենալ այգեգործությունում և սենյակային բույսեր աճեցնելիս։

1․ Քացախը սերմերի ծլելը արագացնելու համար

9%-անոց քացախը, 1։9-ին հարաբերակցությամբ, բացում են ջրով։ Ստացված լուծույթի մեջ մարլյա կամ այլ կտոր են թրջում և դրա մեջ փաթաթում են մշակվող սերմերը։ Մշակման տևողությունը հետեւյալն է՝

  • 24 ժամ՝ մաղադանոսի, սամիթի, գազարի, վայրի գազարի և այլ դժվար ծլող սերմերի համար;
  • 12 ժամ՝ լոլիկի, պղպեղի եւ սմբուկի սերմերի համար;
  • 7-8 ժամ՝ վարունգի, դդումի եւ ցուկկինի սերմերի համար:

Այնուհետև սերմերը մի փոքր չորացնում են ու ցանում։

2. Քացախը վնասատուների դեմ պայքարում

Քացախը կարող է պաշտպանել բույսերը կոլորադոյի բզեզից, ուտիճներից, խաչածաղկավոր լվերից, կաղամբի թրթուրներից, վնասատու ճանճերից և այլն: Առավել արդյունավետ է մշակումը սեզոնի սկզբում՝ երբ վնասատուների թիվը դեռ մեծ չէ։ Միջատները ստիպված կլինեն հեռանալ՝ կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ գտնելու համար: Քացախի լուծույթը կարող է օգտագործվել նաեւ որպես կանխարգելիչ միջոց: Սուր հոտը վանում է վնասատուներին եւ թույլ չի տալիս, որ ձվադրում անեն այգու տերևների վրա։

  • Կոլորադոյի բզեզի դեմ։ 100 մլ 9%-անոց քացախը լուծում են 10 լիտր ջրի մեջ, ավելացնում են 200 գ մանանեխի փոշի: Ոչ անձչևային, քամու բացակայությամբ ժամին ցողում են կարտոֆիլի թփերը և շրջակա հողը: Լուծույթը կբավարարի առնվազն 100 մ2 տարածք մշակելու համար։
  • Ուտիճների դեմ։ 150 մլ 9%-անոց քացախը լուծում են ջրի դույլում եւ ցողում են հարձակման ենթարկված բույսերը։
  • Խաչածաղկավոր լվերի, կաղամբի թրթուրների դեմ։ 30 մլ 9%-անոց քացախը խառնում են 8 լիտր ջրի հետ և ցողում են կաղամբի, բողկի, բողկիկի, դայկոնի տնկարկները։
  • Լորձնէակների դեմ։ 100 մլ խնձորի քացախը բացում են 300 մլ ջրով և ցողում են հարձակման ենթարկվող տնկարկը։ Մշակումը 3-4 օրը մեկ կրկնում են՝ մինչեւ վնասատուները անհետանան: Տես նաև՝ “ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԼՈՐՁՆԷԱԿՆԵՐԻ ԴԵՄ” հոդվածը։
  • Մրջյունների դեմ։ 1 լ 9%-անոց քացախը խառնում են 1 լ ջրի հետ և լցնում են մրջնաբույնի մեջ:

3. Քացախը սնկային հիվանդությունների դեմ պայքարում

Բույսերը հաճախ են տառապում սնկային հիվանդություններից։ Մանավանդ ցուրտ ու անձրևոտ եղանակներին, բերքը վտանգի տակ է լինում: Քացախաթթուն կարող է կանխել սնկերի զարգացումը։ Թթվային միջավայրում սնկերը մահանում են և չեն կարող բազմանալ: Քացախի լուծույթով կարելի է մշակել լոլիկի, վարունգի, ցուկկինիի թփերը, դեկորատիվ բույսերը, ինչպես նաև պտղատու թփեր և ծառեր։

Մշակումն անելու համար, 120 մլ 9%-անոց քացախը խառնում են 10 լ ջրի հետ և ցողում են բույսերը։ Հիվանդ բույսերը մշակում են 5-7 օրը մեկ։

Այս նույն միջոցը կարելի է կիրառել ֆիտոֆտորոզի, ալրացողի և մի քանի այլ հիվանդությունների կանխարգելման համար։

5․ Քացախը՝ մոլախոտերի դեմ

Մեկ լիտր եռացրաց ջրին ավելացնում են 75 մլ 9%-անոց քացախ, 40 գ աղ եւ 1 ճաշի գդալ հեղուկ օճառ: Այնուհետև ստացված հեղուկը խառնում են, թողնում են սառչի և դրանով ցողում են մալախոտերը։ Այդ հեղուկով մշակելուց հետո, բավականին արագ վերանում են մատղաշ մոլախոտերը, իսկ հասուն մոլախոտերը՝ շնորհիվ հզոր արմատների, կարող են դիմակայել և անհրաժեշտ կլինի կրկնել մշակումը։

Ուշադրություն։ Պետք է ուշադիր լինել հարևան օգտակար մշակաբույսերը ակամա չվնասելու համար։

6․ Քացախը, որպես պարարտանյութ

Բարձր թթվայնություն ունեցող հող սիրող բույսերի, օրինակ, հորտենզիայի (гортензия), հավամրգու (вереск), լեռնավարդի (азалия) համար քացախաջուրը կարող է առատ ծաղկելու լավ խթանիչ լինել։

100-120 մլ 9%-անոց քացախը խառնում են 10 լիտր ջրի հետ և, բողբոջելու փուլից մեկ ամիս առաջ, սկսում են ջրել բույսերը։ Շարունակում են 7-10 օրը մեկ ջրել և դադարեցնում են երբ բացվում են առաջին ծաղիկները:

Ի դեպ։ Կտրված ծաղիկների թարմությունը երկարաձգելու համար, ծաղկամանի ջրին ավելացնում են 1-2 ճաշի գդալ 9%-անոց քացախ։

7. Քացախը՝ հողի թթվայնությունը պարզելու համար

Հողի թթվայնությունը հողագործությունում կարևոր ցուցանիշներից մեկն է։ Թթվայնությունը որոշելու բազմաթիվ մեթոդներ և սարքեր կան, սակայն դա արագ եւ էժան կարելի է անել քացախի օգնությամբ։

Մոտ 30 սմ խորությունից վերցնում են մոտ 1 ճաշի գդալ այգու հող, լցնում են սև ցելոֆանի կամ ապակու վրա, որպեսզի արդյունքը այդ ֆոնին լավ տեսանելի լինի։ Այնուհետև վերցված հողի վրա մի քիչ քացախ են լցնում: Եթե պղպջակներ կամ փրփուր է գոյանում, ապա հողը ալկալային է, թույլ թշշոցի ու աննշան փրփուրի դեպքում՝ չեզոք է: Իսկ եթե ոչ մի ռեակցիա չկա, ուրեմն հողը թթվային է:

Վերջում առանձին փայտի քացախի մասին

Փայտի քացախը (անգլ․՝ wood winigar, ռուս․՝ древесный уксус) էականորեն տարբերվում է սովորական քացախից. նույնիսկ հոտը բոլորովին այլ է։ Պատրաստվում է պիրոլիզի միջոցով, երբ այրում են ընկույզի եւ/կամ պնդուկի կճեպը, այնուհետև սառեցնում եւ խտացնում են ծուխը: Պատրաստի փայտի քացախը բաց շագանակագույն հեղուկ է։

Փայտի քացախը լավ ընտրություն է նրանց համար, ովքեր իրենց այգու եւ բույսերի համար ցանկանում են կիրառել 100% բնական պարարտանյութ։ Այն բույսերի բիոխթանիչ է, օգնում է արմատներին ջուր սննդանյութերի կլանել: Փայտի քացախը թթվի խտանյութ է ph2,5-3,0 թթվայնությամբ։ Այն պարունակում է բազմաթիվ կարևոր բաղադրիչներ, որոնք նպաստում են բույսերի առողջ աճին:

Գյուղատնտեսության եւ այգեգործության մեջ փայտի քացախի կիրառման բազմաթիվ ձևեր կան, մասնավորապես՝

  • Հողի հարստացման համար։ Փայտի քացախը 1:200 հարաբերակցությամբ բացում են ջրով և, որևէ բան տնկելուց առաջ, 1 լ՝ 1 մ2-ին հաշվարկից ելնելով, ջրջնում են հողը;
  • Բույսերի սնուցման համար։ Ամիսը մեկ անգամ փայտի քացախը 1:200 հարաբերակցությամբ բացում են ջրով ևցողում են բույսերի տերևները;
  • Սերմերի նախապատրաստման համար։ Ծլողունակությունը բարձրացնելու համար, սերմերը 24 ժամ թրջում են 1:200 հարաբերակցությամբ ջրով բացված փայտի քացախի լուծույթում;
  • Կոմպոստի արագ հասունացման համար։ Կոմպոստի կույտը ջրում են 1:50 հարաբերակցությամբ ջրով բացված փայտի քացախի լուծույթով։

Փայտի քացախի օգտագործունից օգուտները բազմաթիվ են և ներառում են հետևյալները՝

  • Ամրապնդվում է բույսերի արմատային համակարգը;
  • Բարձրանում է սերմերի ծլողունակությունը;
  • Մշակված ծառերի մրգերը շաքարի ավելի բարձր պարունակություն եւ բարձր որակ են ունենում;
  • Բարձրանում է բույսերի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ;
  • Խթանվում է դեկորատիվ բույսերի ծաղկելը;
  • Արագանում է կոմպոստի հասունացումը;
  • Կանխարգելվում են բույսերի բակտերիալ հիվանդությունները;
  • Խթանվում է բանջարեղենի աճը;
  • Բարձրացնում է հողի բերրիությունը։

Փայտի քացախի կիրառումը սթրեսային իրավիճակներում

Սենյակային բույսերի փորձառու խնամողների կարծիքով, փայտի քացախով մշակումը հատկապես օգտակար կարող է լինել սթրեսային իրավիճակում գտնվող բույսերի համար։ Օրինակ, բույսերը այլ տեղ տեղափոխելուց հետո, պահման պայմանների կտրուկ փոփոխության դեպքում, ծաղկամանը փոխելիս կամ այլ տեղում տնկելիս։ Ասում են նաև, որ այս միջոցը կարող է շատ կարճ ժամանակահատվածում բառացիորեն վերակենդանացնել ճնշված վիճակում գտնվող բույսը:

Քանի որ փայտի քացախը օրգանական արտադրանք է, այն մարդկանց եւ կենդանիների համար վտանգ չի ներկայացնում: Նաև սուր հոտ չունի:



Արտաքին հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *