Ֆիկուս միկրոկարպան (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝ Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa) տնային պայմաններում աճեցվող թթազգիներից ամենաինքնատիպն է։
Ժամանակին Եվրոպա է ներմուծվել Ֆիլիպինների, Մալայզիայի, Հարավային Չինաստանի և Հյուսիսային Ավստրալիայի մերձարևադարձային անտառներից։ Իր բնական միջավայրում այս մշտադալար, մինչև 30 մետր բարձրության հասնող ծառը խիստ նվաճողական պահվածք ունի։ Այն, բաց թողնելով բազմաթիվ օդային արմատներ տարածվում է իր շուրջ՝ փաթաթվելով ու խեղդամահ անելով շրջակա այլ տեսակի ծառերը։ Հակառակ դրան, տնային պայմաններում ֆիկուս միկրոկարպան 40-100 սմ հասակով, խաղաղ ու գեղեցիկ զարդաբույս է, որին հաճախ աճեցնում են որպես բոնսայ։
Խնամքը
Ֆիկուս միկրոկարպան հեշտ խնամվող բույս է, սիրում է պայծառ, ցրված լուսավորություն, վատ չի տանում նաև կիսաստվերը և արհեստական լուսավորությունը։ Արևի ուղիղ ճառագայթները, սակայն, կարող են այրվածքներ առաջացնել տերևների վրա։
+ 18 °С – +25 °С-ը օդի ամենահարմարավետ ջերմային ռեժիմն է, իսկ ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է չնվազի +15 °С-ից։
Վեգետացիոն շրջանում ջրում են առատ, սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով՝ երբ ծաղկամանի հողի մակերեսը չորանա մոտ 3սմ խորությամբ։ Ծաղկամանի տակդիրի մեջ լցված ջուրը մի թողեք մնա։
Օդի բարձր խոնավություն սիրող այս բույսին անհրաժեշտ է ամեն օր ցողել ջրով։ Շոգ օրերին նույնիսկ մեկից ավել անգամ։
Ծաղկամանի հողախառնուրդը պետք է ունենա рН 5,5 – 7,5 թթվայնություն։ Այդպիսի հողախառնուրդ ստանում են հավասար մասերով խառնելով իրար տերևային բուսահող, տորֆ, ճմահող, խոշոր ավազ և մի քիչ մանր փայտածուխ։
Երիտասարդ բույսերը անհրաժեշտ է նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել տարին մեկ անգամ՝ փոխելով հողախառնուրդն ամբողջությամբ։ Այլ ծաղկաման տեղափոխելիս կտրել-հեռացնելով բույսի արմատափնջի 1/3-ը, կարելի է ավելի կոմպակտ բույս աճեցնել։
Ֆիկուս միկրոկարպան չի սիրում հաճախակի տեղափոխություններ, ցանկալի է այն աճցնել նույն տեղում և նույն դիրքով։
Գարնան սկզբից մինչև խոր աշուն ֆիկուս միկրոկարպային շաբաթը մեկ պետք է լրացուցիչ սնուցում տալ՝ կոմպլեքս, կամ բոնսայի համար նախատեսված հատուկ պարարտանյութերով։ Ձմռանը սնուցումը կրճատում են մինչև ամիսը մեկ անգամ՝ ջրելուն զուգահեռ։
Բազմացումը
Ֆիկուս միկրոկարպան բազմացվում է երեք եղանակով՝
- Կտրոններով։ Վաղ գարնանը, կիսափայտացած ճյուղերից պատրաստում են մոտ 15 սմ երկարությամբ կտրոններ, որոնք պահում են ջրի մեջ այնքան, մինչև դուրս գա դրանց մեջի կաթնահեղուկը։ Այնուհետև դնում են արմատակալման՝ տորֆից, ավազից և վերմիկուլիտից կազմված խառնուրդի մեջ;
- Արմատի կտրոններով։ Հասուն բույսի արմատից կտրում են մի կտոր և տնկում այնպես, որ 2,5 սմ բարձրությամբ գլխիկը մնա դրսում։ Ապակով, ցելոֆանով կամ պլաստիկ բաժակով ծածկում են կտրոնը՝ ստեղծելով միկրոջերմոցային պայմաններ։ Շաբաթը մեկ հողն ու կտրոնները խոնավացնում են ու օդափոխում։
- Ճյուղի վրա տնկի ստանալով։ Բույսի ճյուղերից մեկի վրա, ողջ պարագծով, 2-3 սմ լայնությամբ հանելով կեղևը ակոս է արվում։ Այդ տեղը փաթաթվում է խոնավ Սֆագնում մամուռի հաստ շերտով ու, վրայից, ցելոֆանով։ Մամուռը պետք է միշտ խոնավ պահել։ Այդ տեղում արմատներ առաջանալուն պես, ճյուղի այդ հատվածը կտրում և տնկում են նոր տեղում։
- Սերմով։ Սերմով բազմացման եղանակը տնային պայմաններում շատ հազվադեպ է կիրառվում։
Հիվանդություններ
Ֆիկուս միկրոկարպան կարող է հիվանդանալ վատ խնամքի հետևանքով։
- Տերևները կարող են զանգվածաբար թափվել միջանցկահովերի, օդի ջերմության կտրուկ փոփոխության, վատ լուսավորության կամ չափից շատ ջրելու հետևանքով։
- Ոչ բավարար լուսավորությունը, վատ ջրելը, չոր օդը կարող են հանգեցնել տերևների դեղնելուն ու թափվելուն։
- Սնուցման անբավարարության մասին կարող է վկայել բույսի ներքևի տերևների դեղնելը։
- Չափից շատ ջրելն ու հողախառնուրդի ճահճացումը հանգեցնում է արմատները նեխելուն և տերևների սևանալուն։
Վնասատուներ
Ֆիկուս միկրոկարպան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae), ալրատիզի (Mealybug, мучнистый червец) և վահանակիրի ( diaspididae, щитовка) հարձակմանը։
Հղումներ
- Ficus_microcarpa․ From Wikipedia, the free encyclopedia.