Համեմ

Համեմը (անգլ.՝ Coriander, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum) հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։

Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով, E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:

Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։

Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։

Կիրառություն

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Կենսաբանական տվյալներ

Վեգետացիոն շրջանը՝ 110-125 օր:
Ցանելուց հետո ծիլերը հայտնվում են՝ 2-3 շաբաթից:
Ծիլերը հայտնվելուց 25-40 օր անց ձևավորվում են ցողունները, որոնց վրա 16-20 օր հետո բացվում են ծաղիկները:
Ծաղկելուց 13-18 օր անց սկսում են ձևավորվել պտուղները:
Պտուղները վերջնականապես հասունանում են 19-23 օրում:

Համեմը ցրտադիմացկուն է: Սերմերը սկսում են ծլել +6°С աստիճանի դեպքում, իսկ բույսը կարող է դիմանալ մինչև -10 °С աստիճան ցրտին:

Համեմի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը  +22°С է:  Ծաղկման շրջանում +34°С-ից բարձր ջերմաստիճանի հետևանքով  կարող է սնածաղիկ դառնալ և փոխել հոտը:

Համեմը պահանջկոտ է լուսավորության նկատմամբ, բայց վատ չի աճում նաև կիսաստվերում: Լուսավորության պակասը դանդաղեցնում է բույսի աճը, նվազեցնում է բերքատվությունը և եթերային յուղերի պարունակությունը: Սերմեր ստանալու համար, համեմը պետք է ցանել միայն արևկող տեղում:

Համեմը պահանջկոտ է ջրի նկատմամբ: Սերմերի ուռչելու համար համեմն իր քաշի 120%-ի չափ ջրի կարիք ունի: Ամենից շատ ջրի կարիք ունի մինչև ծաղկելը, որից հետո ավելի երաշտադիմացկուն է:

Համեմը լավ է աճում պարարտ, չեզոքին մոտ (рН =6,5-7,5) թթվայնություն ունեցող հողում:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *