All posts by Partizpan

Ձվի կճեպ

Ձվի կճեպը կազմում կան.

  • Հեշտ յուրացվող կալցիումից – 93%;
  • Օրգանական նյութեր – 3-4 %
  • Մագնիում – 0,55%;
  • Լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
  • Կալիում – 0,08%;
  • Երկաթ, ծծումբ, ալյումինիում …

Ուշադրություն: Եթե որոշել եք հավաքել ձվի կճեպները  որպես պարարտանյութ օգտագործելու համար, ապա ձուն կոտրելուց հետո, կճեպները անհրաժեշտ է մինչև չորանալը լավ լվանալ, որպեսզի կճեպի վրա չմնան սպիտակուցի մնացորդներ: Բանն այն է, որ սպիտակուցը, հայտնվելով հողում, սկսում է փտել, ինչը կարող է խթանել բույսերի համար հիվանդածին  բակտերիաների զարգացումը: Լվացված կճեպները պետք է չորացնել: Որոշ այգեգործներ նաև խարկում են կճեպները՝  լիակատար ախտահանման և, հողի հետ խառնվելուց հետո, ավելի արագ քայքայման հասնելու համար:
Ի դեպ: Եփած ձվի կճեպը, բույսերը սնուցելու տեսանկյունից, համարյա անպետք է: Իմաստ ունի օգտագործել միայն հողի կամ կոմպոստի կառուցվածքը բարելավելու համար: Իսկ ջրով, որում եփել եք ձուն, սառչելուց հետո, կարելի է ջրել սենյակային բույսերը՝ այնտեղ կալցիում և այլ օգտակար տարրեր կան:

Ինչպես օգտագործել ձվի կճեպը այգում

Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ձվի կճեպը, նույնիսկ մեծ քանակի դեպքում, չի վնասում բույսերին, ուստի այն, մանրեցված կամ աղացած վիճակում, հանգիստ կարելի է լցնել տնկափոսերի մեջ՝ ցանկացած բույս տնկելուց առաջ:

Սենյակային բույսերի պարարտացում

Սենյակային բույսերի պարարտացման համար օգտագործում են աղացած կամ մանրեցված ձվի կճեպով պատրաստված թուրմ: 2-3 աղացած ձվի կճեպների վրա լցնում են 2լ ջուր ու սպասում 2-3 օր, մինչև կճեպից ջրին անցնեն օգտակար տարրերը:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:

Բոստանային մշակաբույսերի արմատային սնուցում

4-5 ձվի աղացած կճեպների վրա լցնում են 2 լ եռացրած ջուր, փակում են անոթը կափարիչով ու թողնում 5-7 օր, որ լուծույթը հասունանա: Այդ ընթացքում, օրական 1-2 անգամ լուծույթը խառնում են: Պատրաստի լուծույթը 1:3 հարաբերակցությամբ բացում են ջրով և ջրում են տաքդեղի, բադրիջանի և այլ բանջարեղենի սածիլները:

Հողի թթվայնության նվազեցում

Հայտնի է, որ հողի բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի մեծամասնության վրա: Ձվի կճեպի օգնությամբ հողի թթվայնությունը նվազեցնում են, աստիճանաբար, տարեցտարի խառնելով այն գրունտի հետ՝ 1 ք.մ.-ին մինչև 100 ձվի կճեպ:

Հողի կառուցվածքի բարելավում

Ձվի կճեպը, բացի հողը պարարտացնելուց, բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնում է այն ավելի փխրուն և օդով հագեցած:

Վնասատուների դեմ

Իշախառանչը պալարային ու սոխուկային բույսերի համար ամենավտանգավոր վնասատուն է:  Իշախառանչին վանելու համար մանրեցված ձվի կճեպները խառնում են արևածաղկի ձեթի հետ և թաղում են կարտոֆիլի կամ սոխուկավորների շարքերի արանքում կամ շուրջը փորված ակոսներում: Մեկ ամիս անց իշախառանչ այդ հատվածում չի լինի:
Բույսերի շուրջը լցված ձվի մանրեցված կճեպները պատնեշ են դառնում լորձնէակների համար, որոնք չեն սիրում խորդուբորդ մակերեսներով անցնել:

Խմորիչ

Խմորիչի կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոտարրերով:
Խմորիչով պատրաստված պարարտանյութերը արդյունավետ սնուցում են հանդիսանում բույսերի մեծամասնության համար և նկատելիորեն բարելավում են դրանց աճը: Կարելի է նշել բույսերի վրա դրական ազդեցության մի շարք գործոններ:
Մանսվորապես խմորիչը.

  • Բարձրացնում է սածիլների դիմացկունությունը, խթանում աճը նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում;
  • Արագացնում է բույսի աճը նպաստում է ուժեղ արմատակալմանը;
  • Նպաստում է շիվերի և ելակի թփերի արմատառաջացմանը:

Խմորիչը, որպես պարարտանյութ, գործում է հողում առկա միկրոորգանիզմների բազմացման համար բարենպաստ ու սննդարար միջավայր ստեղծելով: Արդյունքում միկրոորգանիզմները արագ բազմանալով, ավելի արագ են մշակում հողում առկա օրգանական նյութերը՝ արտաթորելով հողի մեջ ազոտ և կալիում:

Ինչպես խմորիչից պարարտանյութ պատրաստել

Խմորիչից պարարտանյութ պատրաստելը դյուրին է: Կիրառելի են և՛ չոր, և՛ հում, բրիկետավորված տեսակները: Եթե նույնիսկ խմորիչ չունեք, կարելի է սննդարար լուծույթ ստանալ օգտագործելով հաց կամ պաքսիմատ:
Սնուցող լուծույթի կազմի մեջ կարելի է ներմուծել տարբեր բուսական բաղադրիչներ: Օրինակ, մեծ այգու բույսերը պարարտացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել թթխմորն ու կանչ խոտի թուրմը:
Միայն մոլախոտերը չեն օգտագործում ազոտ պարունակող խառնուրդներ պատրաստելու համար: Խառնուրդին կարելի է ավելացնել կարտոֆիլի կլեպ, տերևներ, գայլուկի թփեր:
Ի դեպ, գայլուկի և խմորիչի կիրառմամբ լուծույթ պատրաստելը լավագույն տարբերակն է, քանի որ գայլուկն ինքն իրենով արդեն լավ խմորիչ է և մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
Խմորիչով պատրաստված լուծույթը կենսաբանորեն ակտիվ խտանյութ է, որը կարելի է օգտագործել, գործնականում բոլոր բույսերի սնուցման համար:

Սնուցում լոլիկի, տաքդեղի և վարունգի համար

Լոլիկի, տաքդեղի ու վարունգի թուփը խմորիչով պատրաստված պարարտանյութով սնուցում են, երբ սածիլն արդեն լավ արմատավորվել է՝ բաց գրունտ տեղափոխելուց առնվազն 1 շաբաթ հետո:
Երկրորդ անգամ նույնպիսի սնուցում անում են ծաղկելուց առաջ:
Առաջարկվում է հետևյալ բաղադրատոմսը՝

  • Չոր խմորիչ – 10 գ;
  • Հավի ծերտի թուրմ – 0,5 լ;
  • Փայտի մոխիր – 0,5 լ;
  • Շաքարավազ – 5 ճաշի գդալ;
  • Ջուր – 10 լ:

Թփերը սնուցելու համար, ստացված լուծույթը, 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով: Քանի որ, լուծույթի մեջ հավի ծերտ կա, լուծույթը պետք է լցնել, ոչ թե անմիջապես արմատին, այլ քիչ հեռու՝ բնի շուրջը:
Նոր աճած, մատղաշ թփերի շուրջ բավարար է 0,5 լ լուծույթ լցնելը, իսկ հասուն թփերին պետք է առնվազն 2 լ:
Սնուցման դրական ազդեցությունը տեսանելի կլինի 3-4 օրից՝ թուփը նկատելիորեն փառթամանում է, իսկ տերևները հաստ ու հյութալի են դառնում:
Մեր ընթերցողներից մեկի առաջարկած, լոլիկի սնուցման համար ևս մեկ բաղադրատոմս
100 գ խմորիչը և կես բաժակ շաքարավազը բացում ենք 3 լ ջրով, անոթը ծածկում ենք մառլյայով և թողնում ենք մեկ շաբաթ խմորվի: Պատրաստ լինելուց հետո, ստացված լուծույթի 1 բաժակը բացում ենք 10 լ ջրով և ջրում լոլիկի թփերը՝ ամեն թփին մոտ 1 լիտր:

Սենյակային բույսերի և բացօդյա ծաղիկների սնուցումը

Սենյակային բույսերի և բացօդյա աճող ծաղիկների համար խմորիչի կիրառմամբ պարարտանյութը կազմում են հետևյալ բաղադրիչներով՝

  • Ջուր – 10 լ;
  • Չոր խմորիչ – 10 գ;
  • Շաքարավազ – 3 ճաշի գդալ:

Օգտագործելուց առաջ ստացված լուծույթը պետք է պահել առնվազն 3 ժամ տաք տեղում, որպեսզի խմորում ընթանա: Այնուհետև լուծույթը բացում են ջրով՝ 1:5 հարաբերակցությամբ և ջրում են բույսերը:
Այդպիսի լուծույթով սնուցումը օգտակար է Հիրիկների, Քաջվարդերի, Քրիզանթեմների, Թրաշուշանների, Վարդերի և, ընդհանրապես, այն ծաղիկների համար, որոնք մեծ վեգետատիվ զանգված են ձևավորում:
Խմորիչից պատրասված պարարտանյութով սնուցում շատ են սիրում վարդերը: Եթե սեզոնի ընթացքում 2 անգամ այդպիսի սնուցում տալ վարդի թփերին, ապա դրանք ոչ միայն ավելի լավ ու բուրավետ ծաղիկներ կունենան, այլև ավելի հեշտ կանցկացնեն ձմեռը:

Սուրճի և թեյի մնացորդներ

Լավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը:  Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:
Մնացուկներում կան նաև մագնիում և կալիում, շատ քիչ լուսածին, կալցիում և երկաթ:
Այդ մնացորդները կարելի է խառնել հողի հետ, ինչը կբարելավի հողի կառուցվածքը: Կարելի է ցանքածածկ անել կամ լցնել տնկափոսերի մեջ, ի վերջո, կարելի է ավելացնել կոմպոստի կույտին: Սուրճի և թեյի մնացորդենի թթվայնությունը կնպաստի կոմպոստի արագ փտմանն ու հասունացումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բույսի շուրջ լցված սուրճի մրուրը վանում է այգուց լորձնէակներին: Սուրճի մեջ կա նաև ծծումբ, որը օգտակար է սխտորի աճի համար, քանի որ պաշտպանում է բույսը նեխելուց:
Նկատել են նաև, որ կատուներին որևէ տեղ կեղտոտել չթողնելու համար բավական է այդ տեղում լցնել սուրճի մնացորդներ և նարինջի կեղևի կտորներ:

Գոմաղբ

Գոմաղբը՝ հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, լուսածինի (ֆոսֆոր) և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի և կրեմնիումի մատակարար է:
Քիմիական պարարտանյութերի կողմնակիցները հաճախ նշում են գոմաղբի ոչ այնքան արդյունավետ լինելը, դրա ոչ հստակ բալանսավորված կազմը, կիրառման անհարմարություններն ու, վերջապես, ոչ հաճելի հոտը: Իսկապես այդպես է, բայց, այդ բոլորով հանդերձ, գոմաղբն ունի առավելություն, որը չունեն հանքային ու քիմիական պարարտանյութերը ու չեն էլ կարող ունենալ: Չէ որ գոմաղբի բաղադրիչների մասնակցությամբ ձևավորվում է հողի պարարտ շերտ, իսկ հանքային պարարտանյութեր կիրառելիս, ընդհակառակը՝ այդ շերտն աղքատանում է: Գոմաղբի կենսազանգվածը ժամանակի ընթացքում փտում է ու ձևավորում հողի վերին հումուսային շերտը, առանց որի անընդհատ նորցման, ամենածաղկուն այգին անգամ կվերածվի անապատի:

Գոմաղբի մշակման եղանակներ

Գյուղատնտեսները խորհուրդ են տալիս պարարտացման համար օգտագործել լավ փտած գոմաղբ, որտեղից համարյա վերացել է ամոնիակը, որը կարող է այրել արմատները:  Այն նաև զուրկ է վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք մահանում են փտման ընթացքում:
Թարմ օրգանիկան արագ փտեցնելու տարբեր, ոչ բարդ տեխնոլոգիաներ կան:
Դրանք են.

 Թարմ գոմաղբի կիրառումը

Չնայած այն բանին, որ բույսերը ավելի դժվար են յուրացնում թարմ գոմաղբի նյութերը , այն նույնպես կարելի է օգտագործել պարարտացման համար: Մանավանդ այն դեպքերում, երբ ժամանակ չկա կոմպոստի հասունացմանը կամ գոմաղբի փտելուն սպասելու համար:
Նշենք թարմ գոմաղբի կիրառման մի քանի ձևեր.

  • 1 մաս գոմաղբը խառնում են 4 մաս գոլ ջրի հետ և ստացված լուծույթով, երեկոյան ժամերին ջրում են բույսերը՝ մեկ քառակուսի մետրին մոտ 1,5 լիտր լուծույթի հաշվարկով:
  • Աշնանը, բերքը հավաքելուց հետո խառնում են հողի վերին շերտի հետ՝ մեկ քառակուսի մետրին 1 դույլ (10 լիտր) գոմաղբ հաշվարկից ելնելով:
  • Ձմռանը կարելի է հողի նախնական պարարտացում անել ցրելով գոմաղբը ձյան ծածկի վրա՝ 1 քառակուսի մետրին 1,5 դույլ գոմաղբ հաշվարկից ելնելով: Նորմայի ավել լինելը պայմանավորված է այն բանով, որ բացօդյա վիճակում գոմաղբը շատ ազոտ է կորցնում:
  • Գարնանը  թարմ գոմաղբը կարելի է կիրառել որպես կենսավառելիք՝ տաք մարգեր պատրաստելիս: Այդ նպատակի համար գերադասելի է ոչխարի գոմաղբը, որի կույտի մեջ “այրվելու”  աստիճանը 60-70 °С, ի տարբերություն խոշոր եղջերավորների, խոզի և ձիու գոմաղբների, որոնք տաքանում են 15-20 աստիճանով քիչ:   Թարմ գոմաղբով սնուցումները բերքահավաքից 2 շաբաթ առաջ դադարեցնոււմ են:
Գոմաղբի տեսակները
Կովի գոմաղբ

Կովի գոմաղբը ամենահասանելի ու կիրառելին է պարտեզներում: Բայց այդ գործում էլ նրբություններ կան: Օրինակ հողի գերհագեցածությունը գոմաղբով կարող է հարստացնել ստացված բերքը նիտրատներով:
Կովի գոմաղբի 1 կիլոգրամում կա՝

  1. Ազոտ – 3,5 գ;
  2. Կալցիում(օքսիդ) – 2,9 գ;
  3. Ֆոսֆոր (օքսիդ) – 3 գ;
  4. Կալիում(օքսիդ) – 1,4 գ:

Կովի թարմ գոմաղբում տարբեր ճիճուների ձվեր կարող են լինել: Դրանցիծ ազատվելու արդյունավետ միջոցը գոմաղբից կոմպոստ սարքելն է:
Չնայած տարածվածությանը, կովի գոմաղբը ամենից նվազ սննդարարն է՝ այլ կենդանիների գոմաղբի հետ համեմատած: Բայց, մյուս կողմից, դա նվազեցնում է գերսնուցումով բույսերը վնասելու վտանգը:

Ձիու գոմաղբ

Ձիու գոմաղբը լավագույն օրգանական պարարտանյութերից է: Այն կիրառվում է ինչպես ջերմոցներում, այնպես էլ բաց գրունտում:
Ձիու գոմաղբի մասին կարդացեք այստեղ:

Խոզի գոմաղբ

Խոզի գոմաղբը համարվում է ամենաայրողը, քանի որ մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
Մեկ կիլոգրամ խոզի գոմաղբում կա՝

  • Ազոտ – 8,13 գ;
  • Կալցիում (օքսիդ) – 7,74 գ;
  • Ֆոսֆոր (օքսիդ) – 7,9 գ;
  • Կալիում (օքսիդ) – 4,5 գ:

Խոզի գոմաղբում մեծ քանակությամբ մակաբույծեր կան, ուստի կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կոմպոստավորել: Փտման պրոցեսում առաջացող բարձր ջերմությունը սպանում է բոլոր բոլոր վնասատուներին:

Ճագարի գոմաղբ

Ճագարի գոմաղբը, ի տարբերություն մնացածների ավելի չոր է, ինչը հեշտացնում է դրա հետ աշխատելը: Բացի այդ ճագարի գոմաղբում չկան մոլախոտերի սերմեր, ինչը թույլ է տալիս դրա օգտագործումը առանց նախապես կոմպոստավորելու:
Վնասակար միկրոօրգանիզմներից ճագարի գոմաղբում կան միայն կոկցիդիաներ, որոնք սակայն վնաս կարող են տալ միայն ճագարներին:  Այդ է պատճառը, որ, մանավանդ տաք եղանակին, խորհուրդ է տրվում ճագարի գոմաղբը եռու պահել ճագարների վանդակներից:
Ճագարի գոմղբը կիրառվում է նույն ձևով, ինչ խոշոր եղջերավորների գոմաղբը՝ խառնում են հողի հետ, լցնում են կոմպոստի կույտի վրա, պատրաստում են պարարտացնող լուծույթ: Կա նաև մեկ այլ մշակման ձև, որը կիրառելի չէ մյուս գոմաղբերի դեպքում՝ ճագարի գոմաղբը արևի տակ չորացնելով ու աղալով ստանում են պարարտացնող փոշի, որը կարելի է օգտագործել թե՛ այգում, թե՛ տանը՝ սենյակային բույսերը պարարտացնելու կամ հողախառնուրդներ պատրաստելու համար:

Խնկունի

Խնկունին  (այլ անվանումներ՝ Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ, անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis) խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է։

Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են համեմունք, եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։

Աճեցման պայմանները

Խնկունին ջերմասեր, լուսասեր և ցրտադիմացկուն բույս ​​է: Եթե ցրտահարության սպառնալիք չկա, բաց գրունտում աճեցնելը լավագույն ձևն է: Մեծահասակ բույսերը կարող են դիմանալ մինչև -4°C ցրտահարությանը: Խնկունին ամռանը շատ արևի կարիք ունի, իսկ ձմռանը զովության՝ +10․․․+13°C, հակառակ դեպքում թուփը չի ծաղկի: Ձմռանը լույսի տևողությունը պետք է լինի 6-8 ժամ, ուստի խնկունուն հաճախ անհրաժեշտ է լինում լրացուցիչ լուսավորություն: Լույսի բացակայության պատճառով թփի վերին տերևները կդառնան պակաս խիտ, երկարավուն:

Բույսը սիրում է փխրուն, լավ ջրաթափանցիկություն ունեցող, կրաքարային հողեր: Այն չի սիրում չափազանց թաց կամ թթվային հողեր: Չնայած այս խնկունին պահանջկոտ բույս է, այն շատ հազվադեպ է հիվանդանում և չի վախենում վնասատուներից:

Սենյակային պայմաններում խնկունու աճեցման համար անհրաժեշտ է գնել տերակոտե կամ կավե ծաղկաման: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա։ Կարելի է օգտագործել խճաքարեր կամ կերամզիտ: Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել սենյակը և պտտել բույսը ՝ հավասարաչափ զարգացած սաղարթ կազմավորելու համար:

Ամռանը կարելի է ծաղկամանը տեղափոխել պատշգամբում կամ, ժամանակավորապես տնկել այգում: Պետք է հիշել, որ խնկունին չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Խնկունին լավ հարևանություն է անում ռեհանի, ուրցի, դափնու ու մաղադանոսի հետ, այնպես որ դրանք կարելի է աճեցնել մեկ տարայի մեջ:

Դրսում աճող խնկունին ուժեղ բույս ​​է: Նա չի վախենում վնասատուներից: Սենյակում աճողներն ավելի թույլ են, ուստի դրանք կարող են հիվանդանալ կեղծ ալրացողով, վնասվել սպիտակաթևիկներից կամ ուտիճներից: Վնասատուներից ազատվելու համար բավական է մի քանի անգամ օճառաջրով լողացնել բույսը (հողը պետք է պաշտպանված լինի թրջվելուց):

Ջրելը

Խնկունի ջրելը պետք է լինի պարբերական և չափավոր: Բույսը չի սիրում ուժեղ խոնավություն, այն ավելի հեշտ կհանդուրժի երաշտը: Եթե ​​թփի տերեւները սկսեն դեղնել, նշանակում է ՝ բույսը բավարար խոնավություն չունի: Եթե ​​շատ է ջրվում, այն կարող է զանգվածաբար թափել տերևները, և արմատը կարող է փտել: Եթե ​​տերևները խունացել են, սկսում են չորանալ և թուփը արևի ճառագայթների տակ է, ապա սա նշանակում է, որ ժամանակն է բույսը տեղափոխել կիսաստվեր:

Քանի որ խնկունին սիրում է հողի ալկալային հավասարակշռությունը, այն կարելի է առանց վախի ջրել ծորակի հնեցված ջրով: Ժամանակ առ ժամանակ կարելի է ցողել բույսը, դրանից բույսը կգեղեցկանա:

Սնուցումը

Գարնանը հողի հետ ազոտ պարունակող պարարտանյութ են խառնում, օրինակ, միզանյութ կամ սելիտրա։ Դրանից հետո, յուրաքանչյուր 30 օրը մեկ, խնկունին սնուցում են համալիր հանքային պարարտանյութի լուծույթով: Աշնանը օգտագործում են այնպիսի պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն ֆոսֆոր և կալիում:

Բազմացումը

Խնկունին կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով, անդալիսի կամ թուփը կիսելու միջոցով։

Ցանելուց առաջ սերմերը պետք է 1-2 օր թրջել: Սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +12․․․+22°С է: Սերմեր ցանում են փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ցանում են 0.3-0.4 սմ խորությամբ, քանի որ սերմերը մանր են: Կարևոր է, որպեսզի ցանքը ջրախեղդ չարվի, հողը պետք է լինի չափավոր խոնավ: Մեկ ամիս անց հասունացած ծիլերը կարելի է տեղափոխել առանձին ամանների մեջ: Գարնան վերջին ցրտահարությունիվ հետո սածիլները կարելի է տնկել պարտեզում՝ 50 սմ միմյանցից հեռու: Եթե նախատեսվում է փոքր թփեր աճեցնել, ապա բույսերի միջեւ 10 սմ հեռավորությունը բավարար կլինի:

Այգում տնկելիս տնկափոսի մեջ լցնում են գետի ավազի, բերրի հողի և տորֆի հավասար մասերի խառնուրդ: Բացի այդ, արդյունքում ստացված խառնուրդի յուրաքանչյուր կգ-ի համար ավելացնում են մեկ ճաշի գդալ մանրացված կավիճ։

Կտրոններով (տնկաշիվերով) խնկունին բազմացնելու համար անհրաժեշտ է հունիսի վերջին կտրլ երիտասարդ ճյուղերը: Կտրոնների երկարությունը պետք է լինի 8-10 սմ: Կտրոնները տնկում են 45° անկյան տակ և մոտ 5 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռու։ Կարելի է կտրոնները արմատակալման դնել ջրի մեջ։ Կտրոններն արագ արմատավորվում են և սկսում են արագ աճել:

Անդալիսի միջոցով բազմացնելիս, թփի ճյուղերից մեկը կամ մի քանիսը կռացնում են և ծածկում հողով՝ գագաթը թողնելով դրսում։Ծաղկելուց հետո արմատակալած ճյուղն առանձնացնում են թփից ու առանձին տնկում։

Բերքահավաքը

Մատղաշ, անուշահոտ ճյուղերը կտրում են ծաղկման ժամանակ, շոգ ժամին: Այնուհետև ճյուղերը չորացնում են և համեմունքը պատրաստ է օգտագործման համար:

Հղումներ

Համեմունքային բույսեր

Ստորև, այբբենական կարգով ներկայացված են մեզ հայտնի բոլոր համեմունքային բույսերը:

  • Անանուխ-Peppermint-Мята перечная-Mentha  piperíta
  • Անիսոն-Anise-Анис обыкновенный-Pimpinella anisum
  • Բորաժ-Borage-Бораго-Borago
  • Դաղձ-Mentha-Мята-Méntha
  • Դանդուռ-Purslane-Портулак- Portulaca
  • Դարչին-True cinnamon tree-Корица-Cinnamomum aromaticum
  • Եղեսպակ-Sage-Шалфей-Salvia
  • Զաֆրան-Saffron-Шафран-Crocus sativus
  • Զոպա-Hyssop-Иссоп-Hyssopus
  • Թավշածաղիկ, Մախմրի ծաղիկ-Marigolds-Бархатцы-Tagetes
  • Թարխուն– Tarragon-Эстрагон-Artemisia dracunculus
  • ԽավարածիլRheum-Ревень-Rheum
  • Խնկենի, Խնկածաղիկ-Oregano-Душица-Origanum
  • Խնկունի-Rosemary-Розмарин-Rosmarinus
  • Ծիթրոն-Savory -Чабер-Satureja
  • Կերբելուկ մոմատերև-French parsleyКервель обыкновенный-Anthriscus cerefolium
  • Կոճապղպեղ-Ginger-Имбирь-Zingiber officinale
  • Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa
  • Հազարատերևուկ սովորական-Yarrow-Тысячелистник обыкновенный-Achillea millefolium
  • Համեմ-Coriander-Кориандр-Coriandrum sativum
  • Ղանձիլ-Черемша-Ramsons-Allium ursinum
  • Ճարճրուկ-Rocket salad-Рукола-Eruca vesicaria
  • Մաղադանոս-Parsley-Петрушка-Petroselinum
  • Մանանեխ-Mustard-Горчица салатная-Brassica juncea
  • Մեխակ-Cloves-Гвоздика-Syzýgium aromáticum
  • Մեղվախոտ-Lemon balm-Мелисса-Melissa officinalis
  • Նեխուր-Apium-Cельдерей-Apium
  • Ուրց-Thyme-Тимьян-Thymus
  • Պերիլա-Perilla-Перилла-Perilla
  • Պղպեղ բուրավետ-Allspice-Душистый перец-Pimenta dioica
  • Պղպեղ կարմիր, Պապրիկա-Paprika-Паприка-Capsicum annuum
  • Պղպեղ սև-Black pepper-Чёрный перец-Piper nigrum
  • Ռեհան-Basil-Базилик-Ocimum
  • Սամիթ-Dill-Укроп-Anéthum
  • Սխտոր-Garlic-Чеснок-Allium sativum
  • Սպանդ-Rue-Рута-Ruta
  • Սուսամբար-Marjoram-Майоран-Origanum majorana
  • Քաշմ-Lovage-Любисток-Levisticum officinale
  • Քիմիոն-Caraway-Тмин-Carum
  • Քրքում-Hidden-lilies-КуркумаCurcuma longa
Հղումներ

Քինոա

Քինոան (անգլ.՝ Quinoa, ռուս.՝ Киноа, լատ.՝ Chenopōdium quīnoa) հավակատարազգիների ընտանիքի (Amaranthaceae) միամյա խոտաբույս է: Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայի Անդերում Քինոան աճում է բարձր լեռնային գոտիներում, սիրում է պաղ գիշերներ և վատ է տանում ցերեկվա տապը:

Աճեցման համար ցերեկվա ամենաբարենպաստ ջերմաստիճանը +32-ից ոչ ավելն է, իսկ գիշերվանը +10…+15 է:
Քինոայի սերմերը բավականին արագ են ծլում, բավական է 6-8 ժամով թրջել և կհայտնվեն փոքրիկ արմատները:
Ցանքը ճիշտ է միանգամից անել՝ +6…+8 աստիճան տաքացած բաց գրունտում, քանի որ ծիլերը լավ են աճում հենց ցածր ջերմաստիճաններին: Եթե հողի ջերմությունը +15-ից բարձր է, սերմերը կարող են չծլել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ցանել նախապես 2-3 օր սառնարանի սառցաբաժնում սառեցված սերմեր:
Քինոան գերադասելի է ցանել 40-60 սմ իրարից հեռու շարքերով 0,5 սմ խորությամբ՝ բույսերի արանքում թողնելով 20-450սմ տարածություն:

Ցանելուց հետո հողը խոնավ են պահում: Շարքերը կարելի է ցանքածածկել, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի: Դա կարևոր է, քանի որ ծիլերն առաջանալուց հետո և մինչև 2-3 իսկական տերևներ առաջանալը ջրելը հակացուցված է:
Սկզբնական շրջանում Քինոան բավականին դանդաղ է աճում, բայց մոտ 30 սմ հասակ առնելուց հետո, սկսում է բուռն աճել: Ամռան ընթացքում Քիոնան կարող է մինչև 1,5 մ աճ տալ: Իսկ եթե հողը պարարտ է և լրացուցիչ ազոտային և լուսածինային սնուցում տրվի, ապա կարող է հասնել մարդու հասակին:

Քինոան պատրաստ է բերքահավաքի երբ տերևների դեղնելուց ու թափվելուց հետո կմնան միայն սերմեր կրող կատարները: Սերմերը պետք է չոր լինեն և տրարելուց հեշտությամբ թափվեն:
Քինոան չի վախենում թեթև ցրտերից, այնպես որ եթե սերմերը դեռ կանաչ են, կարելի է հանգիստ սպասելհասունանալուն:
Բերքը լավ է հավաքել չոր եղանակին, հակառակ դեպքում սերմերը խոնավությունից կարող են ծլել: Եթե այնուամենայնիվ բերքը խոնավացել է, ապա կատարները պետք է անհապաղ կախել ծածկի տակ ու չորացնել:

Սերմերը կատարներից կորզելու համար պետք է կալսել և քամհարել:

Ի տարբերություն հացազգիների, Քինոայի սերմերը կարծր կեղևով պատված չեն և հղկման կարիք չունեն: Սակայն պատված են Սապոնին կոչվող դառը նյութով, ինչի շնորհիվ թռչուններեն այն չեն ուտում: Օգտագործելուց առաջ սերմերը պետք է լավ՝ առնվազն 5 անգամ լվանալ:

Հղումներ

Հավակատար

Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:

Հղումներ

Ցորենը որպես սիդերատ

Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)

Ցորենը (անգլ.՝ Wheat, ռուս.՝ Пшеница, լատ.՝ Triticum), հացազգիներ ընտանիքի խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։
Ցորենը լավ սիդերատ է: Իր հզոր արմատներով այն լավ փխրեցնում է հողը, իսկ կանաչ զանգվածը, հողի հետ խառնելուց հետո, քայքայվելով հարստացնում է այն ազոտով, կալիումով և օրգանական տարրերով:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան ցորենը ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Ցորենը լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

Հղումներ

Գարին որպես սիդերատ

Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

Հղումներ